Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Պատրա՞ստ եք ծննդաբերության. tsnndatun.am

Պատրա՞ստ եք ծննդաբերության. tsnndatun.am

Մարդու ծննդյան մեծ հրաշքը ցնցել է միշտ ու բոլորին: Այդ սխրանքի մեջ է կնոջ մեծ հպարտությունը: Երկունքի տառապանքը կնոջը բարձրացնում և մոտեցնում է աստվածամորը, և կինը, անցնելով տանջանքի քուրայով, ձեռք է բերում բացառիկ գթասրտություն, կանացի առանձնահատուկ կարեկցություն: Ծննդաբերությունից հետո կինը բնականորեն խաղաղասեր է դառնում կանացիորեն, մայրաբար, իմաստուն:

Ծննդյան պահը մարդու աստեղային ժամն է: Եթե բարի է այդ ժամը, ուրեմն մարդու կյանքը բարեհաջող է սկսվել: Ես բոլորին ասում եմ, որ երբ ծնվում է ձեր որդին կամ դուստրը, թոռը կամ թոռնուհին, ծննդատունը ձեզ համար դառնում է տաճար՝ ձեր հատուկ ուշադրության կենտրոնը: Ուստի և պետք է բոլոր հնարավոր և անհնար միջոցները գործի դնել, որպեսզի այդ պահին ծննդաբերող կնոջ կողքին լինեն բարձր որակավորում ունեցող, բարի, շահագրգիռ մասնագետներ: Իսկ նրանց մեծ ու լուսավոր գործը պետք է գնահատվի ըստ արժանվույն:

Ծննդաբերությունը բնական ֆիզիոլոգիական պրոցես է, բնության կողմից ծրագրավորված: Ու հենց բնության նման էլ և՛ բարդ է, և՛ մինչև վերջ չուսումնասիրված: Ծննդաբերության ընթացքը պայմանավորված է ոչ միայն կենտրոնական, այլև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությամբ, մեծ դեր ունեն նաև հորմոնները և նեյրոմեդիատորները (կենսաբանորեն ակտիվ նյութեր): Եթե կինը հոգեբանորեն պատրաստ է ծննդաբերությանը, ապա այդ պրոցեսը հաճույք կպատճառի նրան: Դրա մասին է վկայում  ավելի քան 40 երկրների փորձը:

ՊԵՏՔ ՉԷ ՎԱԽԵՆԱԼ

Որպես կանոն, մարդիկ վախենում են այն ամենից, ինչ իրենց համար մինչև վերջ պարզ չէ, ինչը չեն հասկանում, չգիտեն դրա հետ վարվելու ձևը: Նույնիսկ ամենակատաղի և սարսափելի շունը կարող է դառնալ քո բարեկամը, եթե ուսումնասիրես նրա վարքագիծը, հասկանաս բնավորությունը և դադարես նրանից վախենալ: Նույնը և ծննդաբերությունը:

Անհրաժեշտ է հասկանալ, թե դա ինչ է: Պետք  է դրան նախապատրաստվել ու այդ ժամանակ էլ վախ չի լինի: Միշտ հիշիր. եթե դա այդքան անտանելի լիներ, նախ Եվայի առաջնեկից հետո մարդկային ցեղը կընդհատվեր և ապա ոչ մի կին առաջին ծննդաբերությունից հետո չէր գնա երկրորդին, երրորդին և այլն:

Մեր կյանքի երևույթների մեծամասնությունը միանշանակ չէ: Այլ կերպ ասած՝ երևույթները մեդալի նման միշտ երկու կողմ ունեն՝ պոզիտիվ /դրական/ և նեգատիվ/բացասական/: Վախը ևս բացառություն չէ: Վախի դրական ֆունկցիան այն է, որ դրա հետևանքով առաջացած սթրեսի շնորհիվ օրգանիզմում արտադրվում է կենսաբանորեն ակտիվ նյութեր: Դրանք մոբիլիզացնում են օրգանիզմի ուժերը, ապահովում անխափան և հուսալի աշխատանք՝ ծայրահեղ պայմաններում (դրանցից է ծննդաբերությունը):

Մյուս կողմից՝ ամիսներ տևած խուճապային վախը բացասական վերաբերմունք է ձևավորում հղիության նկատմամբ, ինչն էլ անբարենպաստ ազդեցություն է թողնում թե՛ պտղի ներարգանդային զարգացման և թե՛ մոր հոգեբանական վիճակի վրա: Ծննդաբերությունից առաջ վախը բացասաբար է անդրադառնում ծննդաբերության ընթացքի վրա, կարկամեցնում, կծկում մկանները, նվազեցնում հյուսվածքների առաձգականությունը: Որպես հետևանք՝ լինում են լրացուցիչ ցավ, ճաքեր, պատռվածքներ: Որքան շատ ենք վախենում, այնքան ցավն ուժեղ է և հակառակը: Մոգական շրջան է ստացվում: Խուճապային վախը ծննդաբերության ժամանակ անվերահսկելի վարքագիծ է ձևավորում, երբ համարժեքորեն չեն ընկալվում ոչ բժշկի խոսքը և ոչ էլ գործողությունները:

ՈՐՔԱՆ ՇԱՏ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՅԶԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՔԻՉ Է ՎԱԽԸ

Կետրոնացիր դրական ապրումների վրա: Ընտանիքի բարենպաստ հոգեբանական մթնոլորտը հղիության ողջ ընթացքում ընտանիքի բոլոր անդամներին և առաջին հերթին ամուսնու բարոյական սատարումը կնպաստեն ծննդաբերության թեթև ընթացքին և առողջ երեխայի ծնունդին: Պտղի ներարգանդային աճին զուգընթաց մոր հուզական աշխարհն ազդում է նրա հոգեբանական վիճակի վրա՝ դնելով բնականոն ծննդաբերական ակտի հիմքը:

ԽՈՐՀՈՒՐԴ

Ծննդաբերության  ժամկետից բավականին շուտ անպայման ծանոթացեք համապատասխան գրականությանը, հաճախեք ծննդաբերության նախապատրաստման կուրսերի պարապմունքներին։Այնտեղ Դուք հնարավորություն կունենաք առավելագույնս ծանոթանալու հղիության և ծննդաբերության հոգեբանական և ֆիզիոլոգիական կողմերին։ Կիմանաք, թե որքան անհրաժեշտ է ճիշտ սնվելը հղիության ժամանակ  և ծննդաբերությունից հետո, ինչպես կարելի է  ապահովել կաթի անհրաժեշտ քանակություն կրծքով կերակրելու ողջ ընթացքում, ինչպես կանխել մաստիտը, պտուկների ճաքերը և շատ այլ բաներ։ Ձեզ կսովորեցնեն հատուկ մարզանքի և ինքնամերսման ձևեր, ճիշտ շնչառության և ինքնաթուլացման, կծկումների և ճիգերի ժամանակ ինքնացավազրկման հնարքները։ Դուք կկարողանաք հատուկ վարժությունների օգնությամբ  ամրացնել մարմինը և նախապատրաստել  ծննդաբերությանը։ Եվ որ ամենակարևորն է՝այնտեղ Դուք հոգեբանական օժանդակություն և համապատասխան  միջավայր կգտնեք, որն այսօր Ձեզ համար անհամեմատ կարևոր է Ձեր աշխատակիցների շփումից։

Գիտակցաբար խուսափեք դժվար, պրոբլեմային ծննդաբերությունների, հիվանդ կամ մահացած նորածինների մասին խոսակցություններից, քանի որ այդպիսի զրույցները կարող են բացասաբար ազդել Ձեզ վրա։

Նանա Դանիելբեկ
Մանկաբարձ-գինեկոլոգ

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ